ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Երգարվեստի իջեցված նշաձողը և տգետ աղավաղումները

Երգարվեստի իջեցված նշաձողը և տգետ աղավաղումները
14.05.2025 | 12:34

Գայանե Աթանյանի` «Երգարվեստի իջեցված նշաձողը և տգետ աղավաղումները» հրապարակումը «Իրատես»-ում տպագրվել է 2015-ի հուլիսի 28-ին:

Թերթի հեղինակը շատ կարևոր խնդիր է արծարծում, ինչն արդիական է, հատկապես, հոգեզուրկ ու արժեզրկված մեր օրերում:

«Երջանկություն» բառը հոգնակի թիվ չունի։ Եզակի թվով է նաև «հայրենասիրություն» բառը, անկախ նրանից` տեղակա՞ն հայրենասիրություն է, թե՞ ընդհանրական։ «Արդարությունն» էլ հոգնակի չի լինում, բայց «աղավաղում» բառը կարող է և՛ հոգնակի լինել, և՛ աչք ծակող (այս դեպքում` ականջ սղոցող), և՛ ճչացող, և՛ համբերությունից հանող. իսկական մակաբույծ` այժմյան ամենաթողության հարազատ զավակ։

Նշածս բառերի ողջ «կոկտեյլն» եմ ճաշակում, երբ ռադիոեթերից (հեռուստատեսությամբ նման երգեր չեն հնչում) լսում եմ Հավասու «Յայլավոր յարս» երգը, աշուղական երգի իսկական գլուխգործոց, որի հմայքը մինչև վերջ չեմ կարողանում վայելել։ Ինչո՞ւ` կատարողների գերակշիռ մասի աղավաղումների պատճառով։ Երգի երրորդ տան երրորդ տողը Հավասին գրել է «Մեր Ջավախքի սեգ սարերեն» (վկայությունը` 1985 թ. «Լույս» հրատարակչության տպագրած «Հայ երգանի» ժողովածուն, կազմող` Մանուել Ջավախք, գրախոս երաժշտագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Վ. Հ. Չաքմիշյան), բայց կատարողների 80-90 տոկոսը երգում է «Հայաստանի սեգ սարերեն»։ Փո՞քր վրիպակ է։ Ո՛չ։ Այստեղ էլ մի ողջ «կոկտեյլ» կա. տգիտություն, անիրազեկություն, չարություն, հայրենասիրության պակաս, սեփական պատմության և արժեքների ուրացում, ի՞նչ է, Հավասին չէ՞ր զանազանում Ջավախքի և Հայաստանի սարերը։

Հիմք չընդունեք ներկայիս գծված սահմանները, իսկ ասածիս մեջ էլ թշնամական շեշտադրում չորոնեք` առ հարևան ասպետական և հպարտ ժողովուրդ, այլ միայն հիշեք, որ Ջավախք աշխարհը պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներից էր, հետևաբար, ինչպես Սասունի, Մուշի, Վանի հայկական լինելու գիտակցությունը կա յուրաքանչյուր հայի սրտում, արյան մեջ, այնպես էլ Ջավախքի դեպքում պիտի լինի։ Անաղարտ թողնենք ինքնաբուխ տողը, մեզ զերծ պահենք մեծերին խմբագրելու գայթակղությունից, ի վերջո, գուսան Զաքարյանի գովերգած Լոռվա սարերն էլ են Հայաստանինը, նրանց բարև տանող Ղարաբաղի զմրուխտ հավքերն էլ են Հայաստանինը, Աշոտի սիրո վկա Սյունյաց սարերն էլ են Հայաստանինը, Ջիվանու փառաբանած Սասունա սարն էլ է Հայաստանինը, Հավասու յայլավոր յարի Ջավախքի սեգ սարերն էլ։

Չծավալվենք Ջավախքի հիմնախնդիրների և կարգավիճակի շուրջ (կդառնա քաղաքական խնդիր), այլ, մնալով մշակույթի ոլորտում, փաստենք, որ նման աղավաղումները եզակի չեն։ Նոր սերնդի երգիչ կոչեցյալների ձեռքին, ցավոք, ամենաշատը «խաղալիք» են դառնում աշուղ Շահենի երգերը` տեքստից սկսած, մեղեդիով ավարտած, ում «ճաշակը» և իմացությունը ինչ թելադրում են, այնպես էլ ձևախեղում են (զարմանալի է Էլինար Շահենի հանդուրժող վերաբերմունքը այս հարցում)։

Վերջերս էլ մի նորօրյա աշուղի (Աստղանուշ) երգ լսեցի։ Մեղեդին, ինչպես ջրի երկու կաթիլ` Նաղաշ Հովնաթանի «Վրաստանա գոզալներինն» էր, միայն թե այս տիկնոջ մոտ գովերգված էին «Հայաստանի սիրունները», որը հետո դառնում էր ձոն-ուղերձ... Նաղաշ Հովնաթանին։ Այսինքն, քանքարավոր հայ, քո ոսկեզօծ ափսեով իմ շիլան եմ մատուցում քեզ։

Բնավ չնսեմացնելով, ընդհակառակը` գնահատելով և խոնարհվելով Թովմաս Պողոսյանի վաստակի և աշուղական արվեստի զարգացման, պահպանման մեջ ներդրած ջանքերի առաջ («Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի վերակազմավորում, Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնում և այլն), չեմ կարող չփաստել մի... բայց (այդ «բայց»-ն էլ ոչ այնքան նրա մեղքով է, որքան ժամանակի)։

Վերջին 20-25 տարիներին այնքան հեռացան գիր-գրականությունից, որ նոր սերնդին գրքի հետ կապելու, խրախուսելու համար երջանկահիշատակ Լևոն Անանյանը բաց դռների քաղաքականություն վարեց. երկու տող իրար կապել իմացող ամեն ոք ՀԳՄ անդամ դարձավ։

Կարծես, նույն քաղաքականությունը վարեց և մեծարգո Թովմաս Պողոսյանը` երկու նոտա միմյանց կապակցողին աշուղ օծելով։ Վերջում էլ ոգևորության ալիքն այնքան հզորացավ, որ օծումը, կներեք, բուծում դարձավ. աշուղներ Երամ, Կաղնի, Նազելի, Աստղանուշ, Ալմաստ... Գլխապտույտ չունենալու համար դադար տանք։

Ժողովրդա-գուսանական ժանրում, ինչպես ասում են, «բոբիկ» չենք. մանկուց և՛ տանը, և՛ հատկապես Հանրային ռադիոյով լսելով դասական դարձած բարձրարվեստ կատարում-գանձերը, ոչ միայն ճաշակ ենք ձևավորել, այլև գիտելիքներ հարստացրել հարգարժան Արուսյակ Սահակյանի հաղորդաշարերի, այլ մասնագետների զրույցների շնորհիվ։

Հետևաբար, մերօրյա աշուղների երգերի մեջ հաճախ ենք որսում Շերամի, Աշոտի, Հավասու, Շահենի երգերի ելևէջները։ Նաև նշածս աշուղները իրենց երգերը կատարում էին (վերջին երկուսի կատարումների ձայնագրությունները լսել եմ) զգացմունքով, ապրումով, հուզվելով և հուզելով` մոռանալով ունկնդրի մասին, այնուհանդերձ` հոգու մենախոսություն` ունկնդրի համար։ Կատարյալ կատարումն այդպիսին է լինում, իսկ մերօրյա աշուղ Նազելին ունկնդրին նախ իր ինքնագոհությունն է մատուցում, հետո իր զարմացնել ցանկացող ինքնահավան եսը, վերջում միայն... երգը, ուստի անբնական է հնչում այն, անհույզ։ Եվ ոչ միայն նա։

Չափանիշների խստությունն արվեստում պարտադիր պայման պիտի լինի. մնայուն արժեքներն այդպես են ծնվում, և երաժշտագետ լինելով, Մարգարիտ Բրուտյանի և Արուսյակ Սահակյանի աշակերտուհին լինելու փաստով հպարտացող «Նուբար» խմբի ղեկավար Լուսինե Նազարյանի հանդուրժող կեցվածքն է զարմանալի, հպանցիկ վերաբերմունքը, երբեմն նաև` որոշ նորօրյա աշուղների անհասկանալի գովեստը, ընդհուպ իր հեղինակային «Արմատներ» ռադիոծրագրում հյուրընկալելն ու պրոպագանդելը։

Իսկական աշուղն իր ուրույն ձեռագիրն է ունենում. Սայաթ-Նովային առաջին նոտաներից ես ճանաչում, Շերամի մեղեդիները չես շփոթի Աշոտի մեղեդիների հետ, իսկ մերօրյա աշուղական «աստղաբույլի» գրածները տարանջատելը բարդ է, եթե նրանք քեզ չօգնեն` երգի մեջ իրենց հիշատակելով։ Այս իմաստով իր ձեռագիրն ունի, ըստ իս, միայն աշուղ Լեյլին (թող ապացուցեն հակառակը, եթե ես սուբյեկտիվորեն սխալվում եմ)։

Վաստակաշատ երգիչ, հայրենասիրական երգերի անմրցելի կատարող Սահակ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ ինքը չի բավարարվում միայն տեքստի և մեղեդու ճիշտ արտաբերմամբ, այլ գտնում և ուսումնասիրում է երգի ստեղծման պատմությունը` այն ճիշտ մատուցելու համար։ Սա ուսանելի, ընդօրինակելի, մշակութաստեղծ մոտեցում է, այլապես, ոմանք պարելով, երգի մեջ շախ ու շուխի ձայնարկություններ ներմուծելով կորցրած սեր են երգում։ Չգիտես` ծիծաղես, թե լաս այդ ծափամոլ-հռչակամոլների վրա։ Շատերը չեն հասկանում ինչ և ինչի մասին են երգում, թերևս դրա համար էլ շատ ապաշնորհներ այս ազատությունը գովերգում են, վարկաբեկելով մասնագետներից կազմված նախկին գեղխորհուրդները, որոնք մի քանի մաղով էին անցկացնում երկերն ու երգերը, առհասարակ` մշակութային «արտադրանքը»։ Նորին մեծություն ժամանակի գործն էին դյուրացնում այն տարիներին. գեղխորհուրդների մաղով անցած գրեթե բոլոր գործերն արժեք են, մինչդեռ այսօրվա թխածոն ժամանա՛կը պիտի մաղի, իսկ դրա համար հենց ժամանակ է պետք, որի յուրաքանչյուր վայրկյանը թանկ է արվեստի համար։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ